ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Բարեփոխումնե՞ր... Նույնիսկ ծիծաղելի է հնչում»

«Բարեփոխումնե՞ր... Նույնիսկ ծիծաղելի է հնչում»
03.04.2009 | 00:00

ԹԱՏԵՐԱՄՏՈՐՈՒՄՆԵՐ. ԱՐԱՐ I
«Շահը, անձնական շահը... Ամենքի աչքերն էլ դրանով են կուրացած։ Ո՞վ է մտածում ժողովրդի համար. ո՞ւմ հոգն է, թե թշնամին նստած է երկրի սրտում... Փոխանակ միանալու և թշնամուն դիմադրելու` օրն ի բուն իրար ոտքի տակն են փորում»։
Մուրացան
Անկախական հեղաբեկումները մեզ նետեցին «շուկայական» հորջորջված հարաբերությունների հորձանուտը, որի ամենակուլ տարերքին հանձնված` փնովեցինք ու անխնա ոչնչացրինք տասնամյակներով ստեղծածը, նույնիսկ դարավոր նախնիներից ժառանգածը։ Չունենալով հստակ կողմնորոշիչներ` սոսկ նյութական շահութաբերությամբ սկսեցինք արժևորել ամեն ինչ։ Հոգևոր-մշակութային գործունեությունը նույնպես։ Ճարպիկ գործարարներն արվեստագետի համարում ձեռք բերեցին` սոցիալականի մամլիչով ճզմված մարդկային զանգվածներին հրամցնելով նեղմիտ քաղքենիական սպառողական հոգեբանություն ու մտածողություն պատվաստող «մշակութային» արտադրանք։ Դյուրությամբ հարստանալով` ընդլայնեցին գռեհիկ ու սնամեջ միմոսախեղկատակությունների ու ծվծվածորուն լուսատտիկափայլ շոուների, պարզունակ, իրական կյանքից ավելի ու ավելի տարանջատվող հեռուստասերիալների արտադրության ծավալները։ Այսօր ոչ միայն արտոնյալ կարգավիճակում են հայտնվել, այլև, ինքնավստահություն ստանալով իրենց առատորեն մատուցած ցածրորակ հոգևոր սննդամթերքի զանգվածային պահանջարկի կտրուկ աճից, որպես արվեստի գործերի գնահատման գլխավոր չափանիշ հաստատում են բարձր շահութաբերությունը։ Արժանանալով «վերևների» և երկրի մշակութային քաղաքականությունն ուղղորդող համակիր տեսաբանների հիացական հավանությանը` «բարեփոխումներ» թելադրելով պարտադրում են կոլեկտիվ ստեղծագործական միավորներին` դրամարկղային հասույթը դարձնելով բարձրարվեստ արարման նախապայման։ Մութ ու ցուրտ 90-ականների ջլատիչ հարվածներից դեռևս լիովին չսթափված արդի թատերաշխարհը հատկապես խոցելի էր այս առումով։ Ինքնահատուկ էգոցենտրիկ մոլությունների բացառիկ կենսունակության պոռթկումներ ներամփոփվող «թատերակղզյակներում», թիմային անհամերաշխություն, ՀԹԳՄ հեղինակության անկում, մրցանակվող միջակության «մարտունակության» բարձրացում, անուշադրությունից ու կարիքից հուսալքվող նվիրյալների նոսրացող բանակի վհատվող ընդդիմություն, վճարովի համակարգում ծանծաղացող ու արժեզրկվող մասնագիտացում... Համանման բաղադրիչների «հումուսով» հարստացված թատերադաշտում պետք է որ փարթամորեն տարածվեին բարձրարվեստ արարումն այլասերող տարատեսակ մոլախոտերը` նախապատրաստելով նորին մեծություն ռաբիսի հաղթարշավը ողջ մշակութային ոլորտում։ Նաև «բարեփոխումների» իրագործումն ազգային ակադեմիական երկու թատրոններում ստեղծագործական պրոֆեսիոնալ «դպրոցը» փլուզող նախաքայլով` գեղագիտական առաջնորդների անվերապահ գլխատմամբ։ Օպերայինում որևէ ակնառու առաջխաղացում ի հայտ չբերելով` մեկնարկեին մայր թատրոնում։ Արդյո՞ք դրանք չեն գուժում խաղացանկային մշտակայուն թատերախմբերի համընդհանուր փլուզումը։ Հնարավո՞ր է կասեցնել հոգևոր դեգրադացիայի համատարած դարձող համաճարակը...
Ինձ մտահոգող այս անմխիթար իրավիճակի շուրջ երկխոսություն եմ ծավալում մայր թատրոնի վերջին (ավա՜ղ, երբեմնի) գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ հետ` ակնկալելով նրա 36-ամյա թատերաշինական փորձառությամբ ստույգ իմաստավորել հայ թատրոնի ներկան և հնարավորինս անվրեպ կանխորոշել արժանապատիվ ապագային հասնելու ամենակարճ, թող որ` տատասկոտ ճանապարհը։
«ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ»
-Իրականության գեղարվեստական վերարտադրությունը մշտապես գեղագիտական ներարկումներով տվյալ ժամանակի պահանջներին համարժեքանալու անհրաժեշտություն է զգում։ Հատկապես` թատրոնում։ Այս առումով պետք է որ ողջունելի լինեին «վերևների» նախաձեռնած «բարեփոխումները»...
-Բառը տեղին չի օգտագործվում։ Նույնիսկ ծիծաղելի է հնչում, որովհետև մեր հանրապետությունում վաղուց է սկսվել դրամատիկ թատերարվեստի, խաղացանկային թատրոնի փլուզման գործընթացը։
-Ծաղկաձորյան խորհրդաժողովում, կարծես, առաջին ազդականչը հնչեցվեց։
-Եթե այն ժամանակ նախանշանները երևացին, հիմա բոլոր հիմքերն են առկա։ Երբ կոնկրետ ծրագիր չկա, լուրջ նախապատրաստական աշխատանք չի տարվել, ի՞նչ բարեփոխման մասին է խոսքը։ Եթե որևէ մեկի համար կատարվողը բարեփոխում է, ինձ համար միանշանակ դրամատիկ արվեստի կործանում է։ Վերջին տարիներին մեզանում առհասարակ առաջնային են դարձել ամեն կարգի միջոցառումները, ինչպես խորհրդային կեցության «տՑՌփՍՈ»-ների ժամանակահատվածում, իրարահաջորդ հոբելյանաշարեր` առանձին անհատների, պատմական տարեթվերի, քաղաքների, կազմակերպությունների... Բայց սրանք ընդամենն օրվա միջոցառումներ էին, որոնք տեղի էին ունենում հիմնական մշակութային կյանքի հարևանությամբ` առանց նսեմացնելու կամ արգելակելու բուն արվեստի կայուն ընթացքը։ Այժմ, փաստորեն, հիմնականը ոչնչացվում է, մնում է մեկօրյա արվեստը, որը կարևորող պաշտոնատար անձինք, իհարկե, երկրորդական պետք է համարեն ամենօրյա թատերական գործունեությունը և գտնեն, որ թատրոնում ժամանակ առ ժամանակ կարող են հավաքվել մարդիկ, թատերական որևէ նախագիծ (շատ մոդայիկ բառ է դարձել) իրականացնեն, ապա տեղը զիջեն մեկ ուրիշ խմբի։ Ֆինանսավորում են այս կարգի «հույսեր ներշնչող» «նախագծերը»` շատ լավ գիտակցելով, որ դրանցով հնարավոր չէ լուրջ արվեստ զարգացնել։ Պրոֆեսիոնալիզմի մասին խոսելն ավելորդ է, պարզապես վերանում է։ Օրինակ, գումարներ տրամադրվեցին, ու ստեղծվեց Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկը»։ Մի քանի անգամ խաղացին և` վերջ։ Նույնպես և` Վիլյամ Սարոյանի «Օպերա, օպերան»։ Վերաբեմադրվեց տասնամյակ առաջ արվածը նոր կազմով, իբր` նորովի... Դարձյալ թիթեռի կյանք ունեցավ։ Ի՞նչ արդյունք է տալիս մեկօրյա, ավելի ստույգ` օրապակաս ներկայացումը։ Կարո՞ղ է նշանակալից լինել հանդիսատեսի համար` միտքը շարժել, ներաշխարհը հարստացնել։ Չէ՞ որ սա է թատրոնի կարևորագույն ֆունկցիաներից մեկը։ Կարո՞ղ է ստեղծել կամ զարգացնել բարձրակարգ դպրոց։ Դերասանը, ի վերջո, կայանում է ոչ թե ինստիտուտում կամ դրսում, այլ թատրոնում, դերից դեր։ Նրա կայացումը ղեկավարողը մշտապես պիտի աշխատի կարողությունների ձևավորման վրա` հասկանալով, թե որտեղից ուր է տանելու։ Այսպես են աշխատել բոլոր մեծերը, լուրջ թատրոնները և աշխատում են հիմա։ Շատ հարցերում օրինակ են բերում Ռուսաստանը, Մոսկվան։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ այս հարցում չեն հետևում. եզրահանգումները տխրեցնում են։ Ինչպե՞ս կարելի է տարվա ներկայացումների քանակը թատրոնում ավելացնելու փոխարեն կտրուկ նվազեցնել։ Խոսքն ամենօրյա խաղացվող ներկայացումների մասին է։ 90-ականներին դա լուրջ հիմքեր ուներ` սոցիալական, քաղաքական, տնտեսական... Այդուհանդերձ, ոգևորությունը մեծ էր։
-Գուցե միայն Սունդուկյանի անվան թատրոնի՞նն է պակասեցվել։
-Չեմ կարծում, որովհետև ակնհայտ է միտումն այս կամ այն դահլիճում միջոցառումների շարքն ավելացնելու, վարձակալական հարաճուն հետաքրքրությունները գոհացնելու։ Չեմ ուզում բարձրաձայնել ստեղծված իրադրության մասին բոլոր նկատառումներս։ Կգա ժամանակը, և անզեն աչքով էլ կարելի կլինի տեսնել այդ «բարեփոխումների» իրական արդյունքներն ու պարզորոշ հասկանալ նպատակները։ Մտավախություն ունեմ, որ դրանց հետևողական իրագործմամբ մենք կունենանք ոչ թե մշակույթի, այլ մշակութային միջոցառումների նախարարություն։ Խոսքով հպարտանում ենք հաճախ` մենք հին մշակութային ազգ ենք, Կոմիտաս ու Նարեկացի, Մոմիկ ու Թումանյան ունենք, բայց գործնականում ձևավորում ենք միջոցառումների ժամանակաշրջան։ Դրանք կարևոր են այնքանով, որքանով որ օրվա պահանջ են։ Բարձր մշակույթ համարվել, պահպանել ու զարգացնել չեն կարող։ Կես տարուց ավելի է, ինչ մայր թատրոնում սկսվել են այդ «բարեփոխումները»։ Որևէ շոշափելի արդյունք, առավել ևս` առաջխաղացում, չի նկատվում։
-Չե՞ք կարծում, որ դրանց առաջին փորձադաշտը եղավ մեր միակ օպերային թատրոնը։
-Այո, հետո էլ` Սունդուկյանը։
-Փաստորեն` երկու ազգային ակադեմիական թատրոնները։ Օպերայինում ծրագրային այդ փոփոխությունների արդյունավետությունը կարծես թե հստակվել է` նոր ներկայացումները գնալով ավելի տխուր տպավորություն են թողնում։ Պարզապես իրեն չի արդարացնում «կառավարման խորհուրդ» կոչված համակարգով բարձր արվեստ ստեղծելու հավանականությունը (կամ` ակնկալությունը)։ Եվ բավական մեծ գումարներ են վատնվում ըստ էության։
-Օպերայինի հարցում էլ լուրջ մոտեցում չկա։ Հրաշալի է, երբ դրսից ճանաչված արվեստագետներ են հրավիրվում, բայց եթե իսկապես ուզում ենք զարգացնել մեր օպերան, առավելապես ներսի ուժերին պետք է ապավինենք, նրանցով մտահոգվենք։ Ժամանակին, երբ ռեկտոր էի թատերական ինստիտուտում, մի քանի արմատական խնդիրների լուծման ճանապարհը, կարծում եմ, գտնվեց։ Դրանցից մեկը «օպերային ռեժիսուրայի» բաժանմունքի բացումն էր։ Կուրս հավաքեց մեզանում միակ օպերային բեմադրիչը` Տիգրան Լևոնյանը։ 10-11 ուսանողներից 2-3-ը, անտարակույս, շատ օժտված էին և կարող էին օպերային թատրոնում կայանալ։ Ի՞նչ կատարվեց։ Լևոնյանն օտարվեց թատրոնից, և այդպիսով ամեն ինչ, ասես, վերջացավ։ Բաժանմունքը փակվեց, ոչ մի ուսանողի տիրություն չարեցին։ Ինչո՞ւ։ Այսօր ավելի դյուրին չէ՞ր լուծվի մեր կադրերի խնդիրը։
«ԳԼՈՐՎՈՒՄ ԵՆՔ ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ՓՈՍԸ»
-Անցյալ դարի 40-ականներից գործող թատրոնները համալրվել են առավելապես ինստիտուտի պատրաստած կադրերով, բայց սերնդափոխության խնդիրը, ըստ էության, արմատական լուծում չի ստացել մինչ օրս։ Վստահ եմ, ի թիվս այլ արգելակող պատճառների, ինստիտուտը մեղքի իր մեծ բաժինն ունի` չի դառնում դարբնոց-նախակրթարան մինչ թատրոններում թրծվելը։
-Երեք տարի, փաստորեն, ընդունող հանձնախմբի նախագահն էի ու մասնակցում էի բոլոր քննություններին։ Հավատացնում եմ, եղած դիմորդներից գրեթե անհնար է համապատասխան ընտրություն անել։ Եթե 10-ից 2-ն արատ չունեն` մի քիչ տեսք ունեն, մի քիչ էլ` ձայն, դա մեծ ուրախություն է։ Սա` ոչ այն պատճառով, որ ավելի լավերը չկան։ Պարզապես կամ պայմաններ չունեն, կամ էլ ապագա չեն տեսնում թատերական մասնագիտությունների մեջ։ Անշուշտ, նշանակություն ունի թատրոնի և ինստիտուտի վարկի որոշակի անկումը։ Չեմ բացառում, երբեմն դեր է խաղում այսինչ դերասանի թոռը կամ այնինչի զավակը լինելը նաև։ Վերջիններիս հանդեպ վերապահում միշտ է եղել, հիմա էլ կա։
-Ամեն դեպքում` բնատուր օժտվածությունը պետք է գլխավոր կողմնորոշիչը լինի։
-Մեկ ուրիշ վատ գործոն էլ կա. վճարովի համակարգը։ Պետպատվերը գնալով կրճատվում է։ Ստիպված են գնալ կոմպրոմիսի, հակառակ դեպքում ինստիտուտը կարող է փակվել։ Բացասական դեր է խաղում նորավարտ տղաների կյանքում պարտադիր զինծառայությունը։ Մի՞թե չի կարելի նրանց հնարավորություն ընձեռել մասնագիտական պիտանիությունը և հետաքրքրությունը պահպանելու այդ ընթացքում։ Ինչպես, ասենք, երաժիշտներին։
-Արվեստի կրթօջախների հանդեպ պետությունն այլ դիրքորոշում պետք է դրսևորի։ Բայց մեկ ուրիշ աղբյուր էլ ունեինք. գրեթե բոլոր թատրոններին կից ստուդիաներ էին գործում։
-Ես կարծում եմ, որ ստուդիական շարժումն անհամեմատ բարձր արդյունք կտա, սակայն դրանք այժմ ֆինանսական կայուն լծակներ չունեն։ Սունդուկյանինը, օրինակ, տասը տարուց ավելի է, ինչ չի գործում։ Արվեստագետի ձևավորումն անհատական մոտեցում է պահանջում, ոչ զանգվածային արտադրության։ Նյութականը վճռորոշ դեր է խաղում նաև շրջանավարտների հետագա ճակատագրում։ Սկսնակները խեղդում են բնատուր շնորհն ապրուստի համար։ Մեկը միանգամից է հրաժարվում թատրոնում հաստատվելուց, մյուսը, գալով թատրոն, որոշ զուգահեռ դեգերումներից հետո է հեռանում։
-Գերազանցապես ապավինում են հեռուստասերիալներին` ի վնաս մասնագիտացման լրջության։
-Առաջներում էլ դերասանները գնում էին կրկնօրինակումների, բայց պրոֆեսիոնալների ձեռքի տակ էին աշխատում։ Հիմա գումար ունեցողը շահագործում է կենսագրություն ունեցող դերասանին` սիրողական մակարդակով։ Երևույթը մեծ մասշտաբներ է ընդունում. գլորվում ենք ոչ պրոֆեսիոնալիզմի փոսը։ Ոչ թե թացն ու չորն են խառնվել իրար, այլ ճշմարիտ արժեքները հավասարեցվում են զրոյի։ Գովերգվում են ցածրարվեստ գործերը, մրցանակվում, ասպարեզ գտնում, խրախուսվում։ Օրապակաս մշակութային միջոցառումների մեր այս ժամանակաշրջանի համար միանգամայն բնորոշ է մերօրյա արտիստը։ Մշակութային միջակության արածը գնահատելով որպես արվեստ` խեղում են, փաստորեն, պատկերացումները լիարյուն ստեղծագործության մասին։ Արդյունքում սկսում է փլվել անեղծ նվիրյալների համախոհությունը, որով միայն կարելի է մնայուն արժեքներ, թատերական կենդանի հրաշքներ ստեղծել բեմի վրա։
-Երբ փորձում ես լուրջ արվեստը պաշտպանել, չինովնիկներն ու նրանց ջատագով նեղ մասնագետներն առաջին պլան են բերում ներկայացումների ապահոված դրամարկղային հասույթը` դարձնելով գնահատման գլխավոր չափանիշ։
-Ինձ համար դա չափանիշ չի կարող լինել։ Լևոն Շանթի «Հին աստվածները» 10 տարի ապրում է։ «Mea culpa»-ն, «Մորաքույրը` Փարիզից» և մյուս պահանջարկ ձեռք բերած անտրեպրիզային ներկայացումներն էլ գոյության իրավունք ունեն. դերասանները տաղանդավոր մարդիկ են, հանդիսատես ունեն։ Բայց դրանք չեն կարող դառնալ դեմքն ազգի մշակույթի։ Մեղանչումները բարձր արվեստի դեմ, կարծես, սովորական են դարձել, սա է սարսափելին, ինչը լավատեսության հիմքեր չի տալիս։
-Մեկ զրույցով, ըստ իս, հնարավոր չէ սպառել ասելիքը կուտակված, անլուծելի մնացող խնդիրների շուրջ։ Մինչ հաջորդ հանդիպումը, խնդրում եմ, ասեք` եթե Ձեզ հնարավորություն տրվեր շտկելու ներկա անմխիթար իրավիճակը, ո՞րը կլիներ Ձեր առաջին քայլը։
-Շատ արագ է քանդվում ամեն ինչ։ Նախ, կփորձեի կասեցնել քանդվելու այս պրոցեսը, որպեսզի ժողովրդի կորսված հավատը հնարավոր լիներ վերականգնել, որ փշուր-փշուր է լինում հերթական «բարեփոխումների» իրական արդյունքներին բախվելիս։ Կոնկրետ ինչպե՞ս։ Կպարզաբանենք մեր հաջորդ զրույցի ընթացքում։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4830

Մեկնաբանություններ